Հայատառ տիրույթ .հայ

Դոմեյն գրանցելիս թույլատրվում է կիրառել լատինական կոդով 0-9 թվերը, «-» (տողամիջի գծիկը), ինչպես նաև յունիկոդով հայերեն բոլոր տառերը` բացառությամբ «և»‑ի:


Դոմեյնի գրանցում

.հայ տիրույթում դոմեյնների առաջնային գրանցման փուլը կտևի մինչև 2016թ. հունվարի 31‑ը:

Դոմեյնային անունը, որի համար հայտ է ներկայացվում, պետք է համապատասխանի ՀՀ-ում գրանցված Ապրանքանիշին, ֆիրմային անվանմանը, մտավոր սեփականության այլ օբյեկտներին:

Մինչ .հայ տիրույթում դոմեյնների գրանցման հայտ ներկայացնելը համոզվե՛ք, որ ունեք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք հավաստում են ձեր իրավունքը մասնակցելու դոմեյնների առաջնային գրանցման փուլին:

 

Հայտ կարող են ներկայացնել.

  1. ՀՀ-ում գրանցված ապրանքանիշ ունեցող անձը,
  2. ՀՀ-ում գրանցված ֆիրմային անվանում ունեցող անձը,
  3. ՀՀ-ում մտավոր սեփականության այլ օբյեկտներ ունեցող անձը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

.հայ տիրույթում դոմեյնների առաջնային գրանցման փուլում հայտի համար անհրաժեշտ է.

  1. առցանց լրացնել .հայ դոմեյնային գոտում անվան գրանցման հայտը (դոմեյնի անուն, կազմակերպության անվանում, իրավաբանական հասցե, գործունեության հասցե, ՀՎՀՀ, էլ.փոստ, հեռախոսահամար):
  2. բեռնել ՀՀ-ում գրանցված ապրանքանիշի գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված) կամ միջազգային ընթացակարգով իրավական պահպանությունը հավաստող տեղեկանք։
  3. բեռնել ՀՀ-ում պետռեգիստրում կազմակերպության գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված):
  4. բեռնել այլ փաստաթղթեր, որոնք վկայում են դիմողի կողմից տվյալ ապրանքանիշի և/կամ ֆիրմային անվանման նկատմամբ իրավատեր լինելու փաստը (առկայության դեպքում):
  5. բեռնել հայտի դիտարկման համար իրականացված վճարման հանձնարարագրի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված), (առցանց վճարման դեպքում չի ներկայացվում):


ՀՀ-ՈՒՄԳՐԱՆՑՎԱԾ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

.հայ տիրույթում դոմեյնների առաջնային գրանցման փուլում հայտի համար անհրաժեշտ է.
առցանց լրացնել .հայ դոմեյնային գոտում անվան գրանցման հայտը (դոմեյնի անուն, կազմակերպության անվանում, իրավաբանական հասցե, գործունեության հասցե, ՀՎՀՀ, էլ.փոստ, հեռախոսահամար):

  1. բեռնել ՀՀ-ում պետռեգիստրում կազմակերպության գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված):
  2. բեռնել այլ փաստաթղթեր, որոնք վկայում են դիմողի կողմից տվյալ ապրանքանիշի և/կամ ֆիրմային անվանման նկատմամբ իրավատեր լինելու փաստը (առկայության դեպքում):
  3. բեռնել հայտի դիտարկման համար իրականացված վճարման հանձնարարագրի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված), (առցանց վճարման դեպքում չի ներկայացվում):


ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

.հայ տիրույթում դոմեյնների առաջնային գրանցման փուլում հայտի համար անհրաժեշտ է.

  1. առցանց լրացնել .հայ դոմեյնային գոտում անվան գրանցման հայտը (դոմեյնի անուն, կազմակերպության անվանում, իրավաբանական հասցե, գործունեության հասցե, ՀՎՀՀ, էլ.փոստ, հեռախոսահամար):
  2. բեռնել ՀՀ-ում պետռեգիստրում կազմակերպության գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված):
  3. բեռնել փաստաթղթեր, որոնք վկայում են դիմողի կողմից մտավոր սեփականության այլ օբյեկտների նկատմամբ իրավատեր լինելու փաստը:
  4. բեռնել հայտի դիտարկման համար իրականացված վճարման հանձնարարագրի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված), (առցանց վճարման դեպքում չի ներկայացվում):

Նշում. Բեռնվող փաստաթղթերըը պետք է լինեն jpg, png կամ pdf ձևաչափով և յուրաքանչյուրը չպետք է գերազանցի 1 մբ:



Առաջնային փուլի կարգը

Առաջնային գրանցման փուլը կամ Ապրանքանիշերի, ֆիրմային անվանումների և մտավոր սեփականության այլ օբյեկտների գրանցման առաջնահերթության ժամանակաշրջանը (sunrise) կտևի 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ը::

Այս ժամանակաշրջանում ՀՀ-ում ապրանքանիշեր, ֆիրմային անվանումներ և մտավոր սեփականության այլ օբյեկտներ գրանցած բոլոր անձինք առաջնահերթ իրավունք ունեն դիմել համապատասխան անվամբ դոմեյնի գրանցման հայտով առցանց սահմանված ժամկետի ընթացքում` ներկայացնելով իրենց կողմից տվյալ ապրանքանիշի, ֆիրմային անվանման կամ մտավոր սեփականության այլ օբյեկտների մասին գրանցման հիմքեր` ՀՀ-ում գրանցված ապրանքանիշի վկայականի և պետռեգիստրի վկայականի էլեկտրոնային տարբերակները (սկանավորված), ապրանքանիշի նկատմամբ իրավունքի այլ հիմքեր (առկայության դեպքում), ֆիրմային անվանումների դեպքում` պետռեգիստրի վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված), իսկ մտավոր սեփականության այլ օբյեկտների դեպքում համապատասխան գրանցումը հաստատող փաստաթուղթ և բոլոր դեպքերում հայտի ընդունման համար նախատեսվող վճար (առցանց կամ բանկային փոխանցում), որը կազմում է 5000 ՀՀ դրամ: Բանկային վճարման դեպքում Նպատակ դաշտում պետք է անպայման նշել ներկայացվող դոմեյնի անունը։
Ապրանքանիշերի և ֆիրմային անվանումների գրանցման առաջնահերթության համար սահմանված ժամկետի ավարտից հետո այդ ընթացքում ստացված բոլոր փաստաթղթերը ենթարկվում են համապատասխանության քննության:

Համապատասխանության քննության արդյունքում.

- Այն դեպքում, եթե դոմեյնի համար ներկայացվել է մեկ հայտ և բոլոր ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին, ապա դոմեյնի գրանցման իրավունքը անցնում է հայտատուին:

- Այն դեպքում, եթե միևնույն դոմեյնի համար դիմում են մեկից ավելի հայտատուներ, ունենալով պատշաճ հիմքեր, ապա տվյալ դոմեյնի համար պատշաճ հիմքեր ունեցող հայտատուները կարող են ընդհանուր համաձայնության գալ բանակցությունների միջոցով` ստորագրելով և կնքելով համաձայնագիր ի օգուտ մեկի: Ընդհանուր համաձայնության չգալու դեպքում, հայտատուներին կառաջարկվի դոմեյնի գրանցման իրավունքի համար առցանց փակ աճուրդային տարբերակ:

Մեկից ավելի անձանց մասնակցությամբ ցանկացած ընթացակարգի կիրառման արդյունքում դոմեյնների գրանցման իրավաչափության հետ կապված վեճերը նշված անձինք լուծում են իրար միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ներառյալ, բայց չսահմանափակվելով բանակցությունների, մեդիացիայի, արբիտրաժի կամ դատական կարգով, ինչի հիման վրա ԻՏԿ ՍՊԸ-ն կատարում է համապատասխան գրառում:
Դոմեյնի գրանցման իրավունք ունեցող հայտատուն ինքնուրույն է ընտրում Ռեգիստրարին դոմեյնի գրանցման համար:



.հայ տիրույթում դոմեյնների գրանցման սկզբունքներ

1.Ընդհանուր դրույթներ
1.1 Ընդհանուր հասկացություններ

ԻՀ ՀԿ`

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպություն, որը .հայ տիրույթի կառավարիչն է:

ԻՏԿ`

Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն ՍՊԸ, որը .հայ տիրույթի Ռեգիստրն է:

AMNIC`

ԻՏԿ-ի կազմում գործող Հայաստանի տեղեկատվական կենտրոնն է:

Ռեգիստրար`

ԻՏԿ-ի հետ պայմանագիր ունեցող այն իրավաբանական անձն է, որը իրականացնում է .հայ տիրույթում դոմեյնների գրանցում` սահմանելով դոմեյնի գրանցման ծառայության մատուցման գինը:

Գրանցորդ`

Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը գրանցում է .հայ տիրույթում դոմեյն:

Հայտատու`

Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը հայտ է ներկայացնում .հայ տիրույթում դոմեյնի գրանցման իրավունք ձեռք բերելու համար:

Արձագանքող խումբ`

.AM և .հայ տիրույթներում սկզբունքներին հակասող և անվայել բովանդակությանը արձագանքող խումբ:

1.2. ԻՀ ՀԿ-ն իրավասու է ամրագրել որոշակի դոմեյնների ցանկ` ԻՀ ՀԿ կանոնադրությամբ նախատեսված ծրագրեր իրականացնելու համար:
Այդ ցանկում ընգրկվող դոմեյններն են` մասնավորապես, 0-9 թվերը, հայկական այբուբենը, հայկական այբուբենի տառերի անվանումները:
Սույն դոմեյնները կարող են հատկացվել միայն ԻՀ ՀԿ վարչության որոշմամբ: 
1.3 ԻՀ ՀԿ-ն իրավունք է վերապահում կազմավորել գրանցման համար արգելված անունների ցանկ:
1.4 .հայ տիրույթի կառավարումը իրականացվում է AMNIC-ի կողմից, որի պաշտոնական կայքն է www.amnic.net:

2.Աշխարհագրական անունների գրանցում
2.1 ԻՀ ՀԿ-ն, հիմնվելով «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի վրա, սահմանում է` ՀՀ տարածաշրջանների, մարզերի, քաղաքների, համայնքների անվանումներով նույնանուն դոմեյնները տրամադրել համապատասխան մարզպետարաններին, քաղաքապետարաններին և համայնքապետարաններին:

3. Դոմեյնների գրանցման կարգը
3.1 Դոմեյնների գրանցումը իրականացվում է ընդհանուր կարգով` ԻՏԿ-ի և Ռեգիստրարների միջև կնքված պայմանագրի շրջանակներում: 

4. Սահմանափակումներ
4.1 Դոմեյն գրանցելիս թույլատրվում է կիրառել լատինական կոդով 0-9 թվերը, «-» (տողամիջի գծիկը), ինչպես նաև յունիկոդով հայերեն բոլոր տառերը` բացառությամբ «և»-ի:

4.2 Դոմեյնների երրորդ և ավելի մակարդակներում թույլատրված նշանների օգտագործման վերահսկումը և պատասխանատվությունը կրում է երկրորդ կարգի անուն գրանցողը, բացառությամբ այն դեպքերի, երբ երկրորդ մակարդակի անունը գրանցվում է Ռեգիստրարի կողմից:
4.3 Ցանկացած մակարդակում արգելված նշանների կիրառման դեպքում ԻՏԿ-ն իրավունք է վերապահում սահմանափակելու դոմեյնի գրանցումը:

5. Այլ դրույթներ
5.1 Գրանցելով դոմեյն` ԻՏԿ-ն ի գիտություն է ընդունում Գրանցորդի իրավունքը այդ դոմեյնի օգտագործման նկատմամբ` Գրանցորդի և Ռեգիստրարի միջև կնքված դոմեյնի գրանցման պայմանագրի շրջանակներում և ժամկետում:
5.2 Դոմեյնի գրանցումը ոչ մի օրինական իրավունք չի տրամադրում այդ անվան նկատմամբ, և կողմերի միջև ծագած վեճերը պետք է լուծում գտնեն գործող օրենսդրական նորմերի շրջանակներում:
5.3 Գրանցորդը հաստատում է, որ դոմեյնը չի խախտում ապրանքանշանային կամ այլ իրավունքներ և կրում է պատասխանատվություն դոմեյնի գրանցումից բխած բոլոր հետևանքների համար: 
5.4 ԻՏԿ-ի կողմից Ռեգիստրարին մատուցվող ծառայությունների շրջանակներում` .հայ տիրույթում դոմեյնի գրանցումը իրականացվում է Ռեգիստրարի և Գրանցորդի միջև կնքված դոմեյնի գրանցման պայմանագրի համաձայն և ցանկացած վիճահարույց իրադրություններում, դատական վիճարկման և այլ պարագաներում վիճահարույց կողմեր են հանդիսանում Ռեգիստրարը և Գրանցորդը:
5.5 Գրանցորդը հաստատում է, որ գրանցված դոմեյնը չի օգտագործվի ոչ մի անօրինական կամ անվայել նպատակներով ոչ մի հանգամանքներում և ոչ մի երկրում: 
5.6 Եթե Գրանցորդը օգտագործել է դոմեյնը սփամի (spam) առաքման համար, անօրինական կամ անվայել նպատակներով (ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության հրահրման համար, միջազգային ահաբեկչության խթանման և ուժի կիրառման քարոզչության համար, պոռնկագրության տարածման և տրաֆիկինգի համար), ապա այդ դոմեյնի հասանելիությունը կարող է սահմանափակվել Արձագանքող խմբի կողմից, որը քննարկում է նման խախտումները և կայացնում է որոշում:
5.7 Դոմեյնի օգտագործման նկատմամբ Գրանցորդի իրավունքը կարող է չեղյալ համարվել, եթե պարզվի, որ դոմեյնի գրանցում կատարելիս տրամադրված փաստաթղթերը կեղծ են կամ թերի:
5.8 Անբարոյական, վիրավորական բառեր և հայհոյանք պարունակող դոմեյնների գրանցման հայտերը կարող են մերժվել:
5.9 Ցանկացած կայքի բովանդակություն, նրա մաս կազմող տեքստը և պատկերները, տեսա և ձայնային նյութերը չպետք է հակասեն ՀՀ օրենքներին և ՀՀ իրավասու մարմինների կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին, կոնվենցիաներին, մեմորանդումներին:
5.10 Սույն սկզբունքների բացառիկ ենթադատության տիրույթն է ՀՀ ողջ տարածքը:
5.11 Դոմեյնների գրանցման ծառայությունը ենթակա է ՀՀ օրենսդրությանը: